Մարտի 5-ին «Ելք» դաշինքը կներկայացնի իր նախընտրական ծրագիրը, որը կզուգորդվի դրամահավաքով՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: «Մենք կազմակերպելու ենք դրամահավաք-երեկո, որտեղ «Ելք» դաշինքը և նրա առաջադրած թեկնածուները գումարներ են ընդունելու քաղաքացիներից: Դրանով պետք է փորձենք ֆինանսավորել մեր նախընտրական քարոզարշավը»,- ընդգծեց Փաշինյանը: Նրա խոսքով, «Ելքը» իր ծրագրով առաջարկելու է Հայաստանի զարգացման այնպիսի մոդել, որը ներառելու է «մենաշնորհներ չունեցող տնտեսություն, առանց կոռուպցիայի, առանց քաղբանտարկյալների պետություն» գաղափարը:
Փաշինյանն ասաց, որ «Ելք»-ի նախընտրական ծրագրում Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի և ՊՊԾ գնդի գրավման դեպքերը խորությամբ հասկանալու վերաբերյալ կետ կա. «Մենք հավակնում ենք Հայաստանում ստանձնել իշխանությունը, բայց մեզ համար կարևորագույն հաղթանակը լինելու է այն, երբ որ լինի ժողովրդի կամքի արտահայտում»: